«ԳՐԻՆ ՔԱՐՏ»-Ի ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 1-ից ամերիկյան Պետդեպարտամենտը հերթական անգամ հայտարարեց վիճակահանությամբ ընտրված այն 50 հազար հաջողակների անունները, որոնք հնարավորություն կստանան մեկնել Միացյալ Նահանգներ, աշխատել ու մի օր էլ դառնալ այդ երկրի լիիրավ քաղաքացիներ: 1995 թվականից սկսված այս ծրագրիը, որ առավել հայտնի է «գրին քարտ» անվամբ, ամեն տարի միլիոնավոր մարդիկ են մասնակցում՝ ողջ աշխարհից:

Լուրեր էին պտվում, թե այս տարվա հաջողակները, սակայն, կարող են դառնալ վերջինները:

Ի՞նչ է տեղի ունենում իրականում:

Ինչպես Վաշինգտոնից փոխանցել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիչարդ Սոլաշը, ամերիկյան Կոնգրեսում հանրապետական և դեմոկրատ օրենսդիրներն այժմ փորձում են ընդհանուր հայտարարի գալ միգրացիոն համակարգը հիմնովին փոխելու շուրջ, և չի բացառվում, որ այդ համաձայնության գալու դիմաց որոշվի փոփոխել «գրին քարտ»-ի խաղարկությունը:

Հունիսին նոր օրինագիծը կքննարկվի Սենատում:

Նոր միգրացիոն օրենքը նախատեսում է հեշտացնել Միացյալ Նահանգներում բնակվող 11 միլիոն չհաշվառված ներգաղթյալների ԱՄՆ քաղաքացի դառնալու գործընթացը: Սենատորները ցանկանում են խստացնել նաև սահմանային վերահսկողությունը և մուտքի վիզա տրամադրել արտասահմանցի այն մասնագտենրին, որոնց պահանջարկը մեծ է երկրում: Առաջին հերթին դրանք բնական և ճշգրիտ գիտությունների ոլորտներում բակալավրից բարձր աստիճան ունեցող ուսանողներն են:

ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու և աշխատելու իրավունք տվող «Green Card»-երը պետք է տրվեն հենց այնպիսի մարդկանց, որոնք ԱՄՆ են մեկնել նոր աշխատատեղեր ստեղծելու ակնկալիքով:

Ի դեպ, 17 տարվա ընթացքում «Գրին քարտ»-ով Հայաստանից Ամերիկա է մեկնել 21 հազար մարդ: Անցյալ տարի ՀՀ-ում 1268 հոգի է «Green Card» շահել: